Մեր ջոկատի ուրբաթը

Էսօր ուրբաթ է պաս է.
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Սըրտիկ արծաթէ թաս է։
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:

Երեկվա «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծից տպավորված և ոգեշնչված սկսեցինք մեր ճամբարային ուրբաթը։
Առաջինն իրականացրեցինք մեր նախագծային՝ «Ուրախ խոհանոց» գործունեությունը։ Մեր ջոկատը, ինչպես միշտ, համախմբված ուղևորվեց գնումների, որից հետո անցանք գործի։

Անու՜շ լինի՜
Մարզական ժամ էր մեզ մոտ։ Քաջ տղաներս գնացին հրաձգարան, ես էլ իրենց հետ։
Ապագա խիզախ ու հայրենասեր զինվորներ ենք կրթում, դաստիարակում։ Մի նայե՛ք, թե ոնց են կրակում։ «Սովորող-սովորեցնող» նախագծից էլ օգտվեցինք՝ Էդգարը կրակել սովորեցրեց մեր խմբի նորեկին՝ մեր լավ Հայկոյին, և ինչու չէ, նաև ընկեր Լիլիթին։ Ապրե՛ս Էդգար ջան, այնքան լավ սովորեցրիր, որ երեքից՝ երեքը կրակեցի, չվրիպեցի։

Մյուս տղաների հետ էլ սեղանի թենիս խաղացինք։ Հիմա կասեն՝ «Էս ընկեր Լիլիթը մի րոպե մեզ իր տեսադաշտից հեռու չի պահում», այո՛, երեխեք ջան, չնեղանաք, ես էլ էդպիսին եմ, եթե ընտելացնում եմ, ուրեմն պատասխանատու եմ․․․

Մեր լավ ու բարի ճամբարային օրն ավարտեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում:
Ընթերցեցինք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» հեքիաթ-վիպակը, որը ամեն տարիքում յուրովի ենք ընկալում։ Ցանկանում էի հատկապես երեխաների ուշադրությունը հրավիրել աղվեսի և Փոքրիկ Իշխանի երկխոսությանը․
«Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար»:
Ահա, սիրելիներս, մենք միմյանց ընտելացրել ենք, և ուրեմն՝ պատասխանատու ենք միմյանց համար, չէ՞ որ մենք «Պատանի հոգեբանների ջոկատն» ենք, պատրաստ՝ բոլորին լսելու և աջակցելու։

 

Оставьте комментарий