Մեր ջոկատի բուռն օրը

Ճամբարային առաջին օրը սկսվեց բացօթյա ընդհանուր պարապմունքով, որից հետո հանդիպեցինք մեր ջոկատի համար նախատեսված դասասենյակում։ Ծանոթացանք միմյանց, ջոկատում կան և՛ վեցերորդ, և՛ յոթերորդ, և՛ ութերորդ դասարանների սովորողներ։ Սովորողները ծանոթացան մեր ճամբարային մեկ շաբաթվա նախագծերին, միասին քննարկեցինք քաղաքային թափառումների ուղղություններն ու անելիքները։ Մեր ծանոթության գործընթացը դյուրին դարձնելու համար մտածել էի մի վարժանք՝ «Ինչպիսի՞ն եմ ինձ պատկերացնում, և ինչպիսի՞ն են ինձ պատկերացնում մյուսները՝ 10 տար անց։» խորագրով, որը հնարավորություն տվեց մեր ջոկատի անդամներին միմյանց ավելի լավ ճանաչել, իմանալ միմյանց երազանքների և նպատակների մասին, բացահայտել միմյանց հետաքրքրություններն ու նախասիրությունները։
Պարի և խեցեգործության ժամին մեր ջոկատը բաժանվեց երկու մասի, և համապատասխանաբար զբաղվեցին և՛ պարով և՛ խեցեգործությամբ։

Ընդմիջումից հետո, սովորողներն արդեն պատրաստակամ և միասնական բարձրացան դասասենյակ, մեր նախագծային աշխատանքները շարունակելու։
Մեր օրը շարունակեցինք «Մաքսանենգություն» խաղ-վարժանքով, որը երեխաների մոտ զարգացնում և խթանում է՝ լսելու ունակությունը, վերլուծողական մտածողությունը, դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու և պատասխանատվություն կրելու հմտությունները։ Զարգացրեց նաև թիմային գաղափարը, ընկերոջը պաշտպանելու, աջակցելու, և դժվար իրավիճակում սատար կանգնելու հմտությունը։ Շատ գոհ եմ վարժանքի արդյունքում խմբի համախմբվածությունից, նշված հմտությունների ձևավորման գործընթացից։

Օրվա ավարտին քննարկեցինք վաղվա անելիքները, խաղացինք մտածողությունը խթանող փոքրիկ խաղ, որը մի նոր ակտիվության և հետաքրքրության ալիք բարձրացրեց սովորողների մոտ։ Շատ լավն են մեր ջոկատի բոլոր անդամները, հուսով եմ, մինչ ճամբարի վերջին օրերը կհասցնենք բարեկամանալ, շատ ու շատ հմտություններ ձեռք բերել, և դառնալ մեր կրթահամալիրի պատանի հոգեբանները, ովքեր առաջին հերթին լսել գիտեն, և սիրով կաջակցեն իրենց օգնության կարիքն ունեցողներին։
18788942_1334164916631592_1676756328_o

Оставьте комментарий